
«Արցախի Շուշի քաղաքի գրատպության պատմությունից (1828–1920 թթ.)» խորագրով բանախոսություն Կյուլպենկյան Մատենադարանում
2025 թվականի հոկտեմբերի 7-ին, երեկոյան ժամը 18։30-ին, Կյուլպենկյան Մատենադարանի սրահում տեղի ունեցավ «Արցախի Շուշի քաղաքի գրատպության պատմությունից (1828–1920 թթ.)» խորագրով բանախոսություն։
Այս բանախոսությունը մեր հարգանքի տուրքն էր Շուշիի լուսավոր անցյալին, նրա անառիկության համար մղված մարտերի ընթացքում զոհված մեր քաջորդիներին, ինչպես նաև հավատարմության խոստում էր՝ երբեմնի ծաղկուն քաղաքի ապագային։
Բանախոսության առիթով Մատենադարանի հնատիպ գրքերի պահոցից դուրս էին բերվել Շուշիում տպագրված և Մատենադարանում առկա 11 գրքեր, որոնք բանախոսության ընթացքում ցուցադրվեցին ներկաներին։
Բացման խոսքով հանդես եկավ Կյուլպենկյան Մատենադարանի տեսուչ՝ Հոգեշնորհ Տ. Ներսեհ վարդապետ Ալոյանը։ Այնուհետև նա հրավիրեց պատմական գիտությունների դոկտոր Ստեփա Պետոյանին՝ ներկայացնելու իր սպասված բանախոսությունը։
Դոկտոր Պետոյանը նախ «Գրադարանային օրվա» առիթով շնորհավորեց Կյուլպենկյան Մատենադարանի տեսչությանը և անձնակազմին։ Նա նաև Օրիորդ Շողակաթ Դևրիկյանի կողմից Մատենադարանին նվիրեց հինգ գիրք՝
- Վարդան Դևրիկյան, Շողակաթ Դևրիկյան, «Սուրբ Էջմիածնի տպարանի հիմնումը և գործունեությունը 18-րդ դարում», Ս. Էջմիածին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատ., 2022, 295 էջ։
- Վարդան Դևրիկյան, «Պայծառակերպությունը և Վարդավառի տոնը», Երևան, «Մագաղաթ» հրատ., 2006, 87 էջ։
- Vardan Devrikyan, Transfiguration and the Feast of Vardavar, Yerevan, «Magalat» Publishing House, 2006, 57 p.
- Vardan Devrikyan, The Last Supper from Armenian Tradition to Leonardo, Yerevan, «Tigran Mets» Publishing House, 2008, 112 p.
- Կարապետ Մելիք-Օհանջանյան, «Զ. Բունիաթովի գրական-պատմական հայեցակարգը», Երևան, «Էդիթ Պրինտ» հրատ., 2025, 278 էջ։
Բանախոսության ընթացքում դոկտոր Պետոյանը բացահայտեց Շուշիի պատմության կեղծարարությունները և արտահայտեց երբեմնի ծաղկուն քաղաքի ժամանակավոր գերության հետ ոչ մի պարագայում չհամակերպվելու իր դիրքորոշումը։ Բանախոսությունը կարևոր էր նաև այն առումով, որ Շուշիի գրեթե մեկդարյա մշակութային վերելքը դժվար է պատկերացնել առանց գրատպության և հրատարակչական գործի։ Մանավանդ որ Շուշին համարվում է հայ տպագրության կարևորագույն օջախներից մեկը։ Այդ փաստը հիմնավորվում է նաև նրանով, որ բուն Հայաստանի տարածքում այն, ըստ ժամանակագրական հաջորդականության, երկրորդն էր Էջմիածնից (1771 թ.) հետո, իսկ ամբողջ Այսրկովկասում՝ երրորդը՝ Թիֆլիսից (1823 թ.) հետո։ Շուշիում մեսրոպատառ առաջին գիրքը լույս է տեսել 1828 թվականին՝ նախորդ տարի հնամենի Արցախում շվեյցարացի քարոզիչների բացած առաջին տպարանում։
Դոկտոր Պետոյանը, համակարգելով արխիվային հարուստ նյութերը, պարբերականների և պատմագիտական գրականության տեղեկությունները, շրջանառության մեջ է դրել նորահայտ սկզբնաղբյուրներ և արժեքավոր տեղեկություններ՝ Շուշիում հրատարակված գրքերի վերաբերյալ։
Բանախոսության ավարտին ներկաները իրենց հուզող հարցերն ուղղեցին դոկտոր Պետոյանին։ Այնուհետև Հոգեշնորհ Տ. Ներսեհ վարդապետ Ալոյանը շնորհակալություն հայտնեց նրան՝ ընդգրկուն բանախոսության համար, և նշեց, որ այդ բանախոսության առիթով Պատրիարքարանի Սուրբ Թեոդորոս Ձեռագրատնից դուրս է բերվել թիվ 2334 ձեռագիրը։ Այն Շուշիում գրված Մաշտոց է՝ Մեղրեցի Պետրոս քահանայի ձեռամբ, թվագրվում է 1797 թվականով։
Այնուհետև նա հրավիրեց Սուրբ Թեոդորոս Ձեռագրատան տեսուչ, Հոգեշնորհ Տ. Արշակ աբեղա Ղազարյանին՝ ներկայացնելու ձեռագրի պատմությունը։



